Հերոսներն ու անհերոսները

Aug 04, 2009 02:08


Գուգլում «զիմբարդո» բառով որոնում տվեցի։ Ի նկատի ունեմ, որ հայերեն գրեցի «զիմբարդո»՝ բան չբերեց։ Ազնվությամբ ասած, մի երկու տարի առաջ ես էլ չգիտեի, թե Ֆիլիպ Զիմբարդոն ով է (իմացա mushetsi շնորհիվ, բայց դա ուրիշ պատմություն է)։ Հանրահայտ «Ստենֆորդի փորձի» մասին լսել էի, բայց հեղինակի անունը չգիտեի։

Հաստատ լսել եք. 1971 թվականին Ստենֆորդի համալսարանում 24 ուսանողների պատահական կերպով բաժանում են «բանտարկյալների» ու «բանտապահների»։ Փորձը երկու շաբաթ պիտի շարունակվեր։ Այնուամենայնիվ առաջին իսկ օրերից թե´ «բանտապահները», թե´ «բանտարկյալներն» այնպես էին դերի մեջ մտել, որ առաջիններն սկսեցին սադիստական հակումներ դրսևորել, իսկ վերջինները հնազանդորեն ընդունում էին իրենց նկատմամբ կիրառվող բռնությունն ու պատրաստակամորեն ստորացման ենթարկվում։ Նախատեսված երկու շաբաթը չանցած՝ ընդամենը վեց օրից Զիմբարդոն ստիպված եղավ ընդհատել փորձը, քանի որ իրավիճակը վերահսկողությունից դուրս էր գալիս։ Այս պատմության վրա հիմնված կինոնկարներ են նկարահանվել, գրքեր գրվել։

* * *

Վերջերս թերթում էի Զիմբարդոյի կայքերից մեկը, իմացա իր նոր ծրագրի մասին՝ The Hero Project («Հերոս» նախագիծ)։ Ծրագրի նպատակն է ուսումնասիրել հերոսության մեխանիզմը, ինչը թույլ կտա խրախուսել հերոսության դրսևորումները սովորական մարդկանց՝ շարքային քաղաքացիների մոտ։

Տեսե´ք, ինչ հետաքրքիր է. դարից ավելի սոցիոլոգները, ազգագրագետներն ու հոգեբանները մանրակրկիտ ուսումնասիրեցին, կարելի է ասել հերձեցին ու պատրաստուկեցին (препарировали) զանազան գաղափարախոսություններ, առաջին հերթին կրոնը։ Հանում-փռում էին արևին չորանալու՝ ամեն ինչն ի վերջո մի կողմից բերելով ֆիզիոլոգիայի, պրիմիտիվ ռեֆլեքսների, քիմիական ռեակցիաների, մյուս կողմից՝ հասարակության գործունեությունը նկարագրող մաթեմատիկական բանաձևերի։ Նույն հերոսի կերպարն էլ հերձվեց, զրկվեց լուսե պսակից ու խորհուրդից, փիտրած հավի պես կախվեց ի տես ամբոխին։ «Բարդույթներ ու կարծրատիպեր են սրանք, ազատվե´ք դրանցից։»

Անհատը, ավելի ստույգ՝ անհատի պահանջմունքները, վերը դասվեցին ցանկացած գաղափարից (ծայրահեղ դրսևորումը՝ «ни одна идея в мире не стоит слезы ребенка» միտքն է)։ Մնաց հերոսաբար զոհվելու միակ ընդունելի ու հարգելի տարբերակը՝ հանուն մարդու (այն է՝ անհատի) իրավունքների պաշտպանության։ Մնացածը հեչ։

Բայց գնա´ ու տե´ս, որ այսօրվա անհատապաշտ հասարակությունը հանկարծ սկսեց անձնազոհ հերոսի կարիք զգալ։ Իրական հերոսի, այլ ոչ թե գունեղ բետմեն-սուպերմենների, դերասանոտ ու երգչոտ պուտանկեքի... Մեկ էլ պարզվեց, որ հաճույքների հետևից վազող, մեկ անգամ ապրող ու «կենսամակարդակ բարձրացնող», իսկական հերոսներին շոու բիզնեսի «աստղերով» փոխարինած հասարակությանը այնուամենայնիվ բառի դասական իմաստով հերոսներ են պետք։ Պարզվեց, որ անհերոս հասարակությունը այն աստիճան է կակղել, որ ընդամենը վեց օր է պահանջվում սովորական երիտասարդին հոգեբանական փորձի շրջանակներում բառիս բուն իմաստով ստրկացնելու համար։

Ընկերանալ Ֆշտուկ


քարոզչություն, զիմբարդո, հոգեբանություն

Previous post Next post
Up