Մասնագետների օգտի մասին

Feb 07, 2010 22:40

Հեռավոր 1991 թվականին, երբ հայ-ադրբեջանական պատերազմը նոր էր լուրջ թափ առնում, լինում է-չի լինում մի մարզական համալիր է լինում։ Այդ մարզական համալիրում հավաքված են լինում տարբեր ոլորտների մասնագետներ, օրինակ՝ հրաձգության շատ լավ մարզիչ, ձեռնամարտի մարզիչներ, ռազմակիրառական հնգամարտի մարզիչներ և այլն։

Մի օր այդ մարզական համալիր են գալիս Սյունիքի կողմերից ինքնապաշտպանական մի ջոկատի մարտիկներ։ Կռվելու երեք տարվա փորձ ունեցող։ Գալիս են զենքերը նշանափորձելու (пристрелять)։

Ի՞նչ է նշանափորձումը։ Ամեն մեկիս տեսողական համակարգն իր առանձնահատկություններն ունի։ Ամեն մի զենքն էլ իր առանձնահատկություններն ունի։ Արդյունքում, նույն հրացանից նույն տեղը նշան բռնելով տարբեր մարդիկ տարբեր տեղերի են կպնում։ Կամ էլ նույն մարդը տարբեր՝ հատուկ իր համար չնշանափորձած հրացաններից կրակելով՝ կարող է տարբեր տեղեր կպնել։ Ինչքան հեռավորությունը մեծ, այնքան տարբերությունն ավելի շատ։ Այդ պատճառով էլ ամեն մի հրաձիգ պետք է իր զենքը իր համար նշանափորձի ու նշանոցը (прицел) դրան համապատասխան կարգավորի։

Մի խոսքով, սյունիքցիները գալիս են զենքը նշանափորձելու։ Մտնում են հրաձգարան ու սկսում կրակել 100 մետրից։ Հիմնականում ավտոմատներով։ Ու երեսուն հոգուց միայն երեքն են կարողանում ընդհանրապես թիրախին կպնել։ Չեն կարողանում կպնել լրիվ հանգիստ, ոչ մարտական, ոչ ստրեսսային պայմաններում, շատ փոքր հեռավորության վրա։ Եւ սա այն դեպքում, երբ կրակելուց լրիվ անտեղյակ մարդուն կարելի է կրակել սովորեցնել 4-5 րոպեում, այնքան է ուշադիր լսի և հետևի հրահանգներին։

Փաստորեն, կյանքները վտանգելով՝ այդ տղերքը 3 տարի ուղղակի «փամփուշտ վառելով» էին զբաղված։ Չիմանալով, որ մասնագետի հետ ընդամենը մի քանի րոպե շփվելով՝ կարող էին կտրուկ լավացնել իրենց կարողությունները։ Երեք տարի է պահանջվել, որպեսզի զգան, որ «մի բան էն չի» ու մասնագետի դիմեն։

հայ-ադրբեջանական հակամարտություն, պատերազմ, պատմություն

Previous post Next post
Up