2020-ի այբուբենս. մոռանալ, մոռանալ ամեն ինչ... վերանալ

Feb 28, 2021 04:52


2020-ն ամեն առումով քամող տարի էր... Ծանր՝ ինչպես երբեք չէր եղել իմ 30 քիչ տարիների ընթացքում:
Ճնշող:
Դժվար իրարու եկող...
2020-ի այբուբենն էլ քամեց...

Ծանր էր, ճնշող, իրարու չեկող... Հավաքվեց դեռ դեկտեմբերին...Բայց  2 ամիս երկմտում էի՝ հրապարակե՞լ, թե՞ չէ: Կուզենա՞մ երբևէ 2020-ը այբուբենի հայելում հիշել, թե՞ կնախընտրեմ թղթին, բլոգին չտալ ու մոռանալ:
Առհասարակ մոռանալ կլինի՞: Մոռանալ պե՞տք է...Ամեն օր նոյեմբերի 10 է, որ չի թերթվում:

Ա - ԱնՀայրենիք
Մարդիկ կարող են լինել մեզ հաճելի կամ տհաճ, պրոֆեսիոնալ կամ դիլետանտ, գունավոր կամ անգույն… 2020-ին բացահայտեցի,որ մեր կողքին լիքն են անՀայրենիքները…
Բ - Բիոմասսա
Ես գիտեի, որ սիրում եմ իմ հողը, իմ երկիրը, իմ լեզուն ու իմ ինքնությունը, իմ անհատական ու կոլեկտիվ հիշողությունները՝ գիտակցական ու նաև գեներով եկող... Ու էդ ժամանակ Հայրենիքը պաթոսախեղդ ինչ-որ երևույթ էր թվում:
Բայց մի օր եկավ գիտակցումն էն բանի, որ Հայրենիք ասվածը/գրված/երգվածը հենց էդ ամենի միասնությունն է:
Ու որ դրա ցանկացած բջջի վնասումը կիսատվելու, էլ նախկինը, լիարժեքը չլինելու նման է...ու Հայրենիքը անգին է՝ հիշողություններդ, լեզուդ, ինքնությունդ, հողն ու օդդ գին չունեն, վերգնային են... Հայրենիքդ թանկ ու էժան չի կարող լինել՝ գազի ու լույս, ջրի ու տրանսպորտի գին չէ, որ թանկանա կամ էժանանա...
Ինձանից հետևողականորեն խլեցին իմ Հայրենիքը... Իմ երեխաներին ժառանգելու եմ/են խեղված Հայրենիք, խեղված հող ու հիշողություն, խեղվող լեզու... Չեն թանկացնում, չէ... բայց լավ էր՝ թանկացնեին գազի ու ջրի պես... Գուցե էդ ժամանակ ամորֆ, իներտ բիոզանգվածը, որ 2 ոտք, 2 ձեռք, երբեմն անգամ ուղեղ ունի, բայց երբեք ոչ հոգի, հասկանա, որ Հայրենիք է կորցնում... Որ մի օր իր սերունդն է խեղված գենային հիշողություն «բաժին ստանալու»...
«Հասնինք Սասուն, մտնինք Վան...» երգում էինք ու 3 տարեկան քույրս գենային իր հիշողության դարակներից հանում էր «Էստեղ Էլիդա տատս /վանեցու զավակ © / կիջնի»-ն....«...Մուշ, Ալաշկերտ, Արդահան...»...
Մեր սերունդներն իրենց նոր Սասունն ու Վանն են ունենալու, Մուշը, Արդահանը, իրենց բաժին՝ մեզանից կորսված Հայրենիքը... Ու մենք ենք դրա պատասխանատուն լինելու...
Երանի մի պահ Հայրենիքը գին ունենար, ու ամորֆ, իներտ բիոզանգվածը գոնե դրա համար պայքարի ելներ... Միայն թե ելներ... Բայց բիոմասսանմ մեզ անՀայրենիք թողեց իր անտարբերությամբ …
Գ - ***
Բառը չեմ գրի գլխագրում…
Հայի սերունդ կլինի՞, որ գաղթ չտեսնի…


Պատերազմի օրերին մի կիսագրագետ գրել էր էն անիմաստ ֆրազը ռուսերենով ու գ տառով…
բոլորս ղժժացինք իր վրա…


իսկ մարդը ճիշտ էր:
Դ - Դրություն
Բարեկամներիցս մեկը շաաատ վաղուց սիրում էր բարդ իրավիճակներում ասել «Դրությունը պալաժենի ա»: Տարին ինչ սկսվել է՝ էդ է. արտակարգ դրություն, ռազմական դրություն… դրությունախեղդ 2020 էր...
Ե - Երազանք
Անգամ 2018-ի էէէէն օրերին, որ դեմքս արել էի դեպի պատն ու ոչինչ-ոչ ոքի տեսնել չէի ուզում, մի թաքուն երազանք ունեի: Էն երազանքներից, որոնք չկատարվող են: Չկատարվող պիտի լինեին:


2020-ը՝ էդքան տանջած, էդքան սարսափելի, էդքան ահավոր 2020-ը երազանքս գիրկս դրեց...
Զ - ЗАГС
Գիտեմ, որ ՔԿԱԳ… Բայց չէ էլի, ԶԱԳՍ
Ոնց ասում էր Երվանդ Խրիստաֆորիչը. "Да будет благословенно, что именуется ЗАГС”... Էդ ա՜յ էս տարում էր: Աշխատանքի ժամին՝ ընդմիջմանը, գժոտ վկաների ներկայությամբ ու բերաններս մինչև ականջները բացած... Ինչի՞ եմ պատմում. Էս նկարն ամեն ինչ ասում ա:


Է - էմոցիոնալ
Էմոցիաներով լիքը՝ էմոցիոնալ տարի: Ինչ ասես ապրեցի:
Ը - Ընկեր
Կյանքիս տարբեր փուլերում կողքիս միշտ եղել են ընկերներ: Ու թեև շատ չեն (թերևս դա էլ ամենալավն է) ամենաիմերս ու ամենաուրիշ են, էստեղ հիմա մեկի մասին եմ նշելու, ով գուցե, էնքան էլ հենց ի՛մ ընկերը չէ, բայց էն մարդն է, ում ես ցանկացած օրվա ցանկացած պահին սպասում եմ մեր տանը ու եթե իմանամ, որ կարող եմ կես միլիմետր կամ թեկուզ կես գրամ օգնած լինել, հաստատ գլխիցս էլ վեր կթռնեմ, որ անեմ: Վստահ եմ, որ ցանկացած նորմալ մարդ կերազեր իր պես ընկեր ունենալ: Ինքը էն մարդն է, ում մասին ասում էի. «Մինչև պատերազմից չգա, չեմ ծննդաբերելու» )))
Էս 1... ու 2...
2020-ին ընկեր երևույթի ամենա-ամենածանր «ազդեցությունն» եմ զգացել: Դրա, կամ դրա իմիտացիայի: Չգիտեմ՝ որքան է բառերով փոխանցելի միտքս: Ուղղակի, մի ասեք ընկեր նրան, ում համար ընկերոջ թիկունք, մի չոր ուս, մի ամուր գիրկ չունեք:
Թ - Թուզ
Էլի թուզ: Էդ միրգը դարձել է իմ կյանքում սիրո, լուսավորի, հույսի խ որհրդանիշը: Ամեն տարի՝ նոր դրսևորմամբ:
Ժ - Ժամանակ
Ժամանակ չունեմ: Ատում եմ, որ ով ասես, ոնց ասես էդ ֆրազն անում է պատեհ-անպատեհ: Երբ ես ասում եմ «Ժամանակ չունեմ», էդ ամենաիսկական առհասարակ, կատաստրոֆիկ ու ընդհանրապես բառերից ա գալիս… ոչ թե… Դրա վառ ապացույցն էլ օրացույցի 10.07-ն ու իմ` ձմեռայինից ամառայինի անցնելու համար պեղած կես ժամն էր, օրինակ…
Բայց էդ նախորդ կյանքում էր. տարվա սկզբին՝ մինչև հոկտեմբերի կեսերը: Հիմա ժամանակ չունեմ-ի հոմանիշը Սոֆուկ ունեմ-ն է
Ի - Ինքնուրույն
Երբ մի տարի առաջ գնացի հղիների կոնսուլտացիայում հաշվառվելու, Աբոն բժշկուհուն հարցրեց՝ արդյո՞ք մեքենա վարել կարելի է: Բժշկուհին էլ թե՝ եթե իրեն չի անհանգստացնում, կարող է ծննդատուն էլ գալ մեքենայով...


Ծիծաղեցինք, անցանք առաջ: 8 ամիս հետո սուս-փուս, խելոք-շատ խելոք ոտքի հանեցի տնեցիներին, հավաքեցի, ու ինքս քշեցի դեպի ծննդատուն: 2 օր անց էլ, դուրս գրվելիս, Սոֆուկին փոխանցեցի Աբոյին, վերցրեցի մեքենայի բանալիներն ու ուղիղ դեպի տուն: Ինքնուրույն...
Լ - Լցնովի կոլա
Կառանտինի նվերներից մեկը սկզբնական փուլում աջուձախ փակ ամեն ինչն էր, բացարձակ ամեն ինչը… Ու ես, որ առանձնապես կոլայի ֆանատ չեմ, մի ամբողջ կյանք տանելով տանել չեմ կարողացել հենց «լցնովի» կոլան, մի ամբողջ կարանտին նվվում էի էդ նույնի ցանկությունից, չնայած հանուն արդարության` վերջին անգամ նույնիսկ սովորականը խմել էի Աստված գիտի երբ ու չէի էլ ուզում…


Շատ տանջվեցի, մինչև 2 կում խմեցի ու հանգստացա:
Խ - Խաղաղություն
Թե՛ Սոֆուկի ծնվելիս ու թե՛ իմ ծննդյան օրը մաղթած խաղաղությունը ընթացող/ավարտված պատերազմի ֆոնին բացարձակ այլ կերպ էր արժևորվում… 30 շատ տարի լսել եմ էդ մաղթանքը. երբե՜ք էսքան ֆիզիկապես դրա կարիքը չէի ունեցել:
Ծ - Ծննդատուն
Մե հրաշք 9 ամիս, որի ընթացքում հասցրեցի փորձարկել ծննդատան հիվանդանոցային կյանքի բոլոր «բարիքները»
Կ - Կորցրած տարի
Մի տեղ կարդացի. прошу не прибавлять этот год к моему возрасту. Կյանքիս ապրած տարիների թվում 2020ը երկու օր ունեցավ: Թե չէ առաջ ու հետո՝ Կարանտին, Կապիտուլյացիա, Կորուստներ...
Հ - Հոգի
...ու 2020-ի արդյունքում փառավորվեց Նիկոլի հոգին ու լուսավորվեց Էնվերինը...Թերևս մենք դրան էինք արժանի:


2020-ին իմ մտքում անեծքը ծնվեց, ձևավորվեց ու նյութավորվեց... Դրանից սարսափելի բան, թերևս, չկա...
Ձ - Ձեռնոց
Էէէէն ձեռնոցս, որի մասին անգամ մենք մերոնցով «հնդկական կինո» նկարեցինք, էն ձեռնոցս, որի մասին ասում էի՝ անթև… այ էդ՝ միակ ու անկրկնելիս կորցրեցի… Վյսո, ես էլ ձեռնոց չունեմ, չնայած լիիիիքը ունեմ:
Ղ - Ղարաբաղ
Էստեղ կարող եմ լիքը բան գրել: Ու չեմ կարողանում գրել:
Ամռանը ես ու Աբոն զբոսնում էինք շատ ուշ երեկոյան, որ փողոցներում քիչ մարդ լիներ, ես հանգիստ անդիմակ քայլեի՝ բարդ էր հղիությունը, տոթն ու դիմակը մեկտեղել: Նման մի ավանդական զբոսանքի ընթացքում ակամայից հայտնվեցի շտապօգնության մեքենայում: Ու փոխանակ շտապօգնության բուժքրոջը, 2 տարբեր հիվանդանոցներում ընդունող բժիշկներին հետաքրքրեր՝ ինչու ու ոնց եղավ, խոսքները մեկ արած հարցնում էին. «բայց էս ժամին դուրսն ինչ ես անում»: Շտապօգնության բժիշկն էլ թե՝ սիրտը տվել է - քայլում է, կուզենա՝ Ղարաբաղ կգնա... Ասացի՝ վայ, բայց իսկապես նե՜նց կգնայի, ափսոս, փակ է հիմա... Բուժքույրը շատ զարմացավ, թե էդ ոնց՝ ղարաբաղցի չես ու ուզում ես Ղարաբաղ գնալ: Էն ժամանակ մինչև հոգուս խորքը վիրավորվեցի: Հիմա շուրջբոլորս եմ նայում. իր պեսները շատ են: Ու ես վստահ եմ, որ այ հիմա ինքը երջանիկ է...
Իսկ ես հայրենիք եմ կորցրել:
Ճ - Ճերմակ
Մինչ 2020 թ-ը գոնե մի հատիկ ճերմակ մազ չունեի...Հիմա նայում եմ գլխիս ու մտածում՝ էս հաստա՞տ ես եմ, էսքան որտեղի՞ց… Չէ, միայն պատերազմը չէր, ողջ տարին դրան բերեց:
Մ - Մղձավանջ տարի
Բառացիորեն՝ մղձավանջ տարի: Երբ հունվարի 3ին ԱՄՆ նախագահի հրամանով սպանվեց Ղասեմ Սուլեյմանին ու դրան հաջորդեց Մոհսեն Ռեզայու կոշտ արձագանքը, ուկրաինական Բոինգի կործանումը Իրանում՝ ծիծաղեցինք, թե տարին հզոր սկսվեց... Չգիտեինք, որ ընդամենը մի ամսից նոր՝ լրիվ ուրիշ աշխարհում էինք հայտնվելու...Շնորհակալություն Կովիդին… Չգիտեինք, որ Կովիդից չպրծած՝ նոր չարիքի ենք բախվելու, որ էսքան բան ենք կորցնելու՝ նյութականից մինչև հոգևոր, արժանապատվությունից մինչև արժանապատվության կորստի զգացման կորուստ…


Յ- Յասաման
2020-ը կյանքիս միակ տարին է, որում ես յասաման չունեցա: Գոնե մի հատիկ:
Ն-Նոյեմբերի 9
2020ի ժամացույցն իմ համար նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան կանգ առավ… ու ոնց համոզում եմ՝ առաջ չի գալիս… ոնց որ «Արջամկան օրը» ֆիլմում հայտնված լինես՝ արթնանում ես ու էլի նոյեմբերի 9-ի ուշ գիշերն է…
Շ - Շնչահեղձ
Սկզբում՝ ներվայինությունից, հետո՝ դիմակից, հետո՝ դիմակից ու ներվայինությունից… հետո՝ երանի էն դիմակին ու ներվայինությանը… ամենասարսափելին անզորությունից շնչահեղձ վիճակն էր… է:
Ո-Ոստիկանոտ
Ըմմմմ… Տարին սկսեցի՝ որոշակիորեն համակերպվելով ոստիկանի կին լինելու կարգավիճակին:


Դեռ էէէէն տարվա դեկտեմբերի 31-ին Աբոյի հերթապահությունը՝ դրան վառ ապացույց: Հետո հերթապահություններն էր, պանդեմիայի օրոք՝ ծառայությունը ինֆեկցիոնում, մայիսի սկզբին անակնկալ «ավետիսը» առ «դուք տեղափոխվել եք կադրերի ռեզերվ» ու հետո՝ տարբեր առիթներով ոստիկանության տարբեր բաժինների մոտ տարբեր մարդկանց սպասելը, էդ թվում նաև Աբոյին…
Ու օ անսպասելիություն՝ բնավ ոչ ծառայությունից …
Չ-Չ
Հենց չ
Չուզել, չակնկալել, չերազել, չհիասթափվել, չապրել...Սովորել էդ ամեն ինչն ու ենթարկվել թելադրած կանոններին...
Պ-Պարտություն
Նկատե՞լ եք՝ որքան հազվադեպ ենք մեր նեղ շրջապատում, լայն՝ եթերային հարթակից լսում «պարտություն» բառը: Ոմանք նախընտրում են կապիտուլյացիան, ոմանք՝ խայտառակությունը, ոմանք՝ հիշում են, որ մեզ դավաճանեցին, ծախեցին կամ էլի ինչ-որ բան: Բայց «պարտություն» բառից խուսափում են: Խուսափում են նյութավորել երևույթը բառով: Վերջակետը դնել: Մենք պարտվել ենք, մենք պարտություն ենք կրել: Մինչև չառերեսվենք՝ չենք կարողանա հաղթահարելու ձևը գտնել:
Ջ-Ջրակարոտ
Ջրակարոտ տարի ստացվեց:
Ռ-Ռեսթոր
2020-ն ապրելուց հետո հասկանում ես, որ հիմնովին ռեսթորի կարիք ունես:
Ս-Սոֆի
2020-ի միակ լուսավորը… Միակ, բայց ամենա-ամենա-ամենա...


Սոֆիի մասին երազել եմ անբացատրելի երկար... Երազել եմ անգամ էն ժամանակ, երբ միակ հեռանկարը ու բացարձակ իրականությունը դեմքս դեպի պատը վիճակն էր:
Հավատացել եմ վստահ, որ ինքը Սոֆին է դեռ այն օրը, երբ իմացա, որ նվեր ունեմ...Ու հաստատ գիտեմ՝ ինքն իր առաքելությունն ուներ հենց 2020ին. մեզ փրկության գալ:
Վ-Վերանորոգում
Ու ես սովորեցի տարբերել վերանորոգմանը վերաբերող գործիքների մի ահագին մասը միմյանցից… Ինչ խոսք, տպավորիչ փորձություն է զույգի համար: Իմիջիայլոց, եկել եմ եզրակացության, որ եթե զույգը միասին ու անկորուստ ապրել է վերանորոգման փուլը, ուրեմն, ինչ խոսք, հասուն մարդիկ են:
Տ-Տորթ
Տարվա մի ահագին մասն, ի շնորհիվ ապագա արդեն ներկա Սոֆուկի, ելակով տորթ էի նվվում: Ու առհասարակ՝ մի քիչ շատ բան էի նվվում:


Ր - Րոպե
Նու հա, Րոպե…
Լիքը ապրելու, չմոռանալու րոպեներ ու րոպեներ, որ ուզում էիր ու ես մոռանալ գոյությունդ...Խառը րոպեներ էին:
Ց - Ցավ
Ցավ՝ էն ինչ ամբողջ տարի էի զգում: Էն, ինչ ապրեցի տարվա վերջում, անգամ՝ ֆիզիկապես; Էն որ լացդ, ոռնոցդ գալիս է...
Մատը կտրելն էլ է ցավ, գլխացավն էլ: 2020-ին ցավի երկար, չանցնող տեսակ զգացի: Էն որ ուզում ես ոռնալ՝ թեթևանալու համար, բայց անգամ էդ չի օգնում:
Ու - Ուժեղագույն
Ամեն ինչի ուժեղաչափի տարին էր: Ուժեղագույն ցավ, ուժեղագույն երջանկություն, ուժեղագույն դատարկություն, կորուստ... ամեն ինչ...
Փ - Փոքրատառ
2020-ին սովորեցի որոշ հատուկ անուններ գրել ու դրանց/նրանց վերաբերել փոքրատառով… Էրված սրտին մխիթարանք:
Ք - Քաղմաս
Նու, որպես էդպիսին մեր էսօրյա հայերենում էդ բառը պիտի չլինի, այբուբենի համատեքստում էլ պիտի լինի «քայքայված» բառը, որ լիարժեք արտացոլում էր տարվա արդյունքը, բայց՝ քաղմաս:
Հուլիսի 13, Խոր Վիրապ.. Ոստիկանները ում կարող էին՝ վանական համալիրի դիմացից տարան բաժիններ: Կյանքը ցույց տվեց, որ միայն ինձ չկարողացան, զի՝ մենք 2 հոգով էինք ու 2 լրագրողի: Տարվողների մեջ նաև Աբոն էր:Բնականաբար: Էդ օրն իմ հիշողության մեջ կդաջվի նախ Վեդիի բաժնի դիմաց՝ սպանող արևի տակ սպասելով ու աջուձախ կարծրատիպեր ջարդելով, հետո՝ Մասիսի բաժնի մոտ…


Ինչ խոսք՝ ունիկալ օր էր: Էն՝ «չմեռանք՝ էս էլ ապրեցինք» շարքից:
Եվ
Եվ 2020-ին ես հասկացա, որ պատերազմը վաղուց էն կարմիրը չի...Պատերազմի՝ իմ համար նոր գույն հայտնաբերեցի. տանը սպասող կնոջ հոգեվիճակի գույնը, երբ բոլոր կաթսաները՝ էն, որ առաջ ոնց մաքրում էիր, էլ չէին մաքրվում, հիմա պսպղում են... Անբնական: Պատերազմագույն:

Օ - Օրացույց
Զորացրմանը սպասող, վերջին 100 օրը ջնջող զինվորի պես անցկացրեցի տարին՝ օրացույցին նայելով: Մնաց էսքան օր, անցավ էսքան օր...
Ֆ - Ֆորմուլա մեկ
Որպեսզի լիարժեք նկարագրեմ տարին, ուղղակի ասեմ՝ ոչ մի մրցարշավ լրիվ չեմ տեսել, առհասարակ տեսածս գումարային մի կես ժամ է եղել ու չէ, ես անգամ չգիտեմ, թե ով է դարձել չեմպիոն ու կոնստրուկտորների գավաթակիր...

Երանի հաջորդ հունվարին 2020-ի նոյեմբերի 10-ը թերթած լինենք: Այբուբենիս հայելին էլ՝ արցունքներից չքրտնած:

կիսակյանք, պատերազմ, այբուբեն, զգացած, անձնական, ապրած

Previous post Next post
Up