Եվ այսպես.
www.1in.am կայքը, որ վաղուց արդեն հայտնի է իր պարբերական և անհիմն տարածվող ապատեղեկատվություններով, երեկ տարածել է հերթական ապատեղեկատվությունը «Բարգավաճ Հայաստան կուսակցության» հասցեին:
Այս կայքը, որը իր ապատեղեկատվության ոլորտում միշտ ունի կոնկրետ հասցեատերեր, չենք կարծում, թե կհետաքրքրի իրական և վստահելի տեղեկատվություն փնտրող անձանց, քանզի բավական է ընթերցել, օրինակ, մեկ շաբաթվա հրապարակումներ, և միանգամայն պարզ կդառնա, թե որ ուժի շահերն է պաշտպանում այս կայքը, ինչ պատվերներ է կատարում և այլն:
Իսկ ապատեղեկատվությունը կայանում է հետևյալում. «Առաջին լրատվական»-ի աղբյուրների համաձայն» ԲՀԿ-ն քաղաքական տեխնոլոգներ է վարձել ԱՄՆ-ից, որպեսզի նրանք աշխատեն կուսակցության վարկանիշի վրա, բայց ժամանակից շուտ հրաժարվել է նրանց ծառայություններից, քանի որ դա արդյունք չի տվել:
Ապատեղեկատվության քաղաքական ենթատեքստն ու նպատակները ակնհայտ են., և դրան անդրադառնալու կարիք էլ նույնիսկ չկա: Անմիջապես ծիծաղ է առաջացնում «Առաջին լրատվականի աղբյուրների համաձայն» արտահայտությունը, երբ որևէ կերպ չի բացահայտվում աղբյուրի բնույթը և էությունը, այլ միայն նշվում, է որ կա նման աղբյուր: Միանգամայն պարզ է, որ նման աղբյուր ուղղակի չկա, իսկ գրվածը պարզապես էժանագին բամբասանք է:
Միանգամայն հասկանալի է, որ, ով-ով, բայց ԲՀԿ-ն այսօր վարկանիշի կամ հեղինակության հետ կապված որևէ խնդիր չունի, այն դեպքւոմ, երբ նույն ՀԱԿ-ի դեպքում նման տեխնոլոգներ հրավիրելը շատ ավելի արժանահավատ ինֆորմացիա կլիներ, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկանում է, որ եթե այսօր կա մի ուժ, որը լուրջ խնդիրներ ունի, կապված հեղինակության կտրուկ անկման հետ, դա հենց ՀԱԿ-ն է: Ինչ խոսք,
1in.am-ը կամաց-կամաց սկսում է համալրել դեղին մամուլի շարքերը, և դառնում է մի տեղեկատու, որը կարելի է կարդալ պարզապես մի փոքր զվարճանալու, ծիծաղելու կամ պարզապես ժամանակ սպանելու համար:
Դե ինչ, ցանկանանք նրան հաջողություն այդ պատիվ չբերող ճանապարհին: