Սիգը

May 18, 2009 22:27

Էսօր մամաս սիգ էր էփել: Չգիտեմ՝ որտեղից էր ճարել, որովհետև արդեն քանի ամիս է՝ ասում եմ. "Մամ, սիգ էփի, կարոտել եմ:" Մամաս էլ հերթական անհաջող փնտրտուքից հետո պատասխանում է. "Սիգն էն վատ տարիներին հայ ժողովրդին փրկեց, ինքը վերացավ":

Էսօր վերջապես էփել էր: Ինձ ավելի փոքր թվաց, քան էն թվերինը: Ու երևի ձագ էր, որովհետև փշերն էնքան բարակ էին, որ հեշտությամբ ուտվում էին: Երբ մի կտոր կծեցի, ու ատամներս կպան իրար, հիշեցի էն անցած ծանր օրերը... երբ սիգը 100 դրամ էր: Ուտում էինք բոլոր հնարավոր խոհարարական միջամտությունների ենթարկված ձուկը: Եթե նույն բանը մեր օրերում լիներ, կասեինք՝ զզվել ենք: Բայց էն ժամանակ ընտրություն չկար. չես ուտում, ուրեմն սոված կմնաս: Հիշում եմ մեկ էլ, երբ մամաս էլի սիգ էր առել, աղ դրել, մառլյայով փաթաթել, կախել պարանից... Սիգի պատրաստման նոր ձև էր: Մի քանի օր պիտի անցներ, որ պատրաստ լիներ: Ես ու եղբայրս էլ չէինք դիմանում, անընդհատ մառլյան բացում էինք, նայում՝ ներսը ոնց ա, չնայած մամաս շատ խիստ պատվիրել էր, որ մոտ չգանք: Ու էդ ժամանակ երևի ճանճերն առիթից օգտվում էին, մտնում ներս, ձվադրում: Ու վերջապես մի օր երկար սպասված ուտելիքը պարանից իջավ ու հայտնվեց սեղանին: Մամաս կտրեց, որ ուտենք, մեկ էլ տեսնենք՝ մեջը ճանճերի թրթուրներ են վազվզում: Տենց էլ կերանք: Չուտեինք, սոված կմնայինք:

Էսօր էլի սիգ էի ուտում՝ համով սարքած, կարտոֆիլով: Էսօր ոչ մեկ սիգերին չի հիշում, որովհետև ավելի թանկ ու հետաքրքիր ձկներ էլ կան: Էսօր սիգն էլ ա թանկացել: Տանը վառարան չկա, տաք ա: Լույս էլ ունենք, հեռուստացույց ենք նայում:

Մանկություն, 90-ականներ

Previous post Next post
Up