Քանի որ նորից արգելափակված եմ FB ստիպված այսպես պիտի գրեմ։
Անհնար է ձայն տալ Բարգավաճ֊Լույս֊ՀՅԴ֊ին։
«Բոլորը հայ մարդիկ են», ինչպես ասաց Արամ Սարգսյանը և պատահաբար ու պարբերաբար կարող են հայտնվել Սաշիկի որդու, Ազատիչի կամ իր փեսու հետ նույն սեղանին։ Իրենց գործն է, իսկ հետևություններ անելը իմ գործն է։
Չնայած անձամբ Արտակ Զեյնալյանին ես շատ լավ եմ վերաբերվում։ Բոլոր կուսակցություններում կան մի քանի հոգի, երկու֊երեք անձ, որոնց անկեղծորեն համակրում եմ։ Դե բայց ես չեմ կարող այդ երկու֊երեքին հանեմ իրենց կուսակցություններից ու հավաքեմ մի տեղ, որ անձնական համակրանքը ու քաղաքական գիտակցությունը լինեն ներդաշնակ։
Բայց Քայլ արա՝ Փաշինյան֊Մարության զույգին էլ ձայն չեմ տա։
Իրենք իրենցը կհավաքեն և առանց ինձ։
Բայց իրենց շահերից է բխում, որ հիմա քթներին ուտեն, որ նորից արխաին չլինեն ու ԱԺ ընտրություններին չտնգվեն։ Եթե հիմա ՔՊ քիչ հավաքի, ապա գժուկները կսթափվեն ու ԱԺ֊ի ընտրություններին շատ ավելի պատրաստված կլինեն։
Եթե հիմա ՔՊ տանի ջաղջախիչ հաղթանակ, ապա հետագա քայլերը ու որոշումները լինելու են էլ ավելի չմտածված, քննադատության նկատմամբ լինելու են էլ ավելի չընդունող և չհասկացող, ու կրկնելու յուրաքանչյուր իշխանության սխալը․ մենք գիտենք, ներսից ինֆորմացված եք, իսկ դուք չգիտեք։
Դե որ չգիտենք, ուրեմն իմ համար կարևոր է, որ երկրում լինի ընդիմություն, որ իշխանությունը լավ աշխատի, որ զգա հանրության շունչը, պահանջը ու որակյալ ու գաղափարական քննադատություն լսի։
Այդ ընդիմությունը պիտի լինի հեղափոխական, առանց նախկինների նկատմամբ պարտավորությունների, կապերի ու անցյալի։ Ոչ մի անձնական բան։
Այդ ընդիմությունը պիտի չլինի կազմված նախկիններից, և այս պահի խնդիրն է, որ նոր ընդիմություն ձևավորվի և ապագայում հաղթի հնին։ Իշխանությունը իր հարցերը կլուծի, իսկ ընդիմություն կայացնելը, իշխանության իրական այլընտրանքը ու միաժամանակ և հետևաբար փոփոխություններին անդառնալիություն ապահովելը երկրի թիվ մեկ հարցն է։ Եթե և ընդիմությունը, և իշխանությունը հեղափոխական են, ապա նախկինները ավարտվում են, վերջանում են, քայլ չունեն։
Ուստի, ես իմ ձայնը տալու եմ Երևանի հանրություն դաշինքին։ ՈՒ ոչ միայն այն պատճառով, որ իմ լավ ընկեր, ու հին մարտիկ Արմեն Հովհաննիսյանն է այդ դաշինքի ցուցակում։
Անհրաժեշտ է ստեղծել դաշտ, որտեղ սև֊սպիտակները պիտի չլինեն, այլ պիտի լինի նորմալ, ողջամիտ քաղաքական գործընթաց ու վեճը գնա մեթոդների, տեմպերի, ձևաչափերի մասին, ոչ թե ուղղության։
Այդ նոր ուժը, «Երևանի հանրություն»֊ը իր ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների վրա հիմնված ձևաչափով կարող է տալ ճանապարհը, թե ինչպես քաղաքացիները կարող են մասնակից լինել պրոցեսներին չկուսակցականալով, և միաժամանակ կստեղի քաղաքական հարցերը լուծելու նոր ձևաչափ։
Եթե ուզում եք, որ հեղափոխական ընդիմությունը հաղթի՝ քվեարկեք «Երևանի հանրության»֊ը ( ցուցակում թիվ 2 ), եթե ուզում եք, որ հեղափոխական իշխանությունը հաղթի՝ քվեարկեք «Քայլ արա» դաշինքին։