Ըստ
որոշ տեղեկությունների Երեւանում կարող է բացվել Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ: Այդպիսիք արդեն կան Աստանայում, Ղրիմում, Բաքվում, Դուշանբեում:
Նախքան այս լուրը բլոգոսֆերայում կքննարկվի այլալեզու դպրոցների թեմայի շրջանակում, պետք է հետեւյալը հաշվի առնել:
Համալսարանն ու գիմնազիան տարբեր ասպարեզների ատրիբուտներ են:
Գիմնազիան ու ընդհանրապես ԴՊՐՈՑԸ ներկայացնում են հանրակրթությունը` ընդհանուր կրթությունը ողջ երկրի մասշտաբով հարյուր հազարավոր աշակերտների բազայի վրա: Այս ասպարեզում մի քանի անգլիական/ռուսական դպրոցը կամ գիմնազիան արդեն իսկ վտանգ են ներկայացնում, քանի որ կարող են աստիճանաբար բազմանալ ու դառնալ այն, ինչ էին ռուսական դպրոցները Հայկական ՍՍՀ-ում: Այսինքն՝ դառնալ հարուստ խավի համար «էլիտար» դպրոցներ, որտեղ դաստիրակվող աշակերտությունը նույնքան օտարված կլինի Հայաստանից, ինչպես ՀՍՍՀ ռուսական դպրոցներում էր. կարող ենք ունենալ «երկփեղկված» երիտասարդություն: Այս վտանգը իրոք կա, քանի որ Հայաստանում կյանքի շատ ասպարեզներ արդեն իսկ ենթարկվել են սուր սոցիալական շերտավորման:
Իսկ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ այլ ասպարեզ է: Հայաստանում կա Ամերիկյան համալսարան անգլերեն կրթությամբ, Ֆրանսիական համալսարան ֆրանսերեն կրթությամբ ու Սլավոնական համալսարան ռուսական կրթությամբ: Բայց սա չի բերի նրան, որ հայկական բոլոր բուհերը անգլիականանան, ֆրանսիականանան կամ ռուսականանան… Համալսարանը նեղ մասնագիտական կրթության համար է, որտեղ առանցքային է կրթության որակը: Ես ուրախ կլինեի, եթե ԵՊՀ-ն կամ այլ հայկական բուհեր ունենային միջազգային մակարդակ: Բայց այսօր ԵՊՀ տխուր վիճակը սահմանափակում է մեր ընտրությունը: Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացումը միարժեքօրեն շատ դրական քայլ է:
ՄՊՀ մասնաճյուղի մասին լուրը, եթե այն դատարկ պիառ չէ, ապա միայն մի բացասական կողմ կարող է ունենալ. ՄՊՀ անունը օգտագործելով կարող առաջ են մղել այլալեզու կրթությունը հանրակրթության ոլորտում: