Մշից ելնող երկու գետերի մասին

Mar 20, 2013 11:41

image Click to view



Էս երգի բառերն ուզում գտնել, չեմ կարողանում: Կրկներգն էսպես եմ հիշում.

Մշեն կելնեն էրկու գետ,
Մշեն կելնեն էրկու գետ,
Մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ,
Էրթան, թափվին Եփրատ գետ:

Ի՜նչ սիրուն է:

Մեղրագետը տեսել եմ 2009-ին Մուշ այցելությանս ժամանակ: Փոքր ու հենց քաղաքի միջի հատվածը մի տեսակ ցամաքած: Նկարներ չեն պահպանվել մոտս, բայց մոտավորապես

էս պատկերն էր՝



Երկու խոսք Մեղագետի ու Մուրադի մասին: Մեղրագետը Արածանու արևելյան վտակն է: Մուրադ անվանում էին Եփրատի արևելյան ճյուղը, որը մեզանում ավելի հայտնի է Արածանի անունով: Հնում այն ոչ միայն առանձին, այլև սուրբ գետ է համարվել: Արածանիի ավազանում և ափերին են եղել հայ հեթանոսական բազմաթիվ մեհյաններ (օր., Անահիտ դիցուհու), որոնք ժամանակի ընթացքում վերածվել են եկեղեցական ու զինական կենտրոնների (Աշտիշատ, Գլակավանք, Ս. Մեսրոպ վանք, Ս. Ներսես վանք, Ս. Դանիել վանք, Ս. Աղբերիկ վանք, Ողական ամրոց և այլն): Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելիս (301) Արածանում են մկրտվել Հայոց թագավոր Տրդատ Գ, Աշխեն թագուհին, թագավորի քույր Խոսրովիդուխտը, զորքը և ժողովուրդը: Ըստ Արածանու ավազանի հայերի մեջ տարածված ավանդության, իբր Արածանու հովտում է եղել դրախտը: Ըստ բանասիրական գիտությունների դոկտոր Հր. Մարտիրոսյանի առաջարկած վարկածի՝ Արածանի/Մուրադ գետի հին հայկական անվանումը եղել է *Մօրատ/Մուրատ, որն իրենից ներկայացնում է մի շարք գետանունների կազմում հանդես եկող մօր (= մաւր) «ճահիճ, կանգնած ջուր» բառի -ատ ածանցով տարբերակը: Ավելի մանրամասն անվան մասին գրել է Հրաչ Մարտիրոսյանը՝ Լեյդենից:

Հետաքրքիր է Արճակի գավառում գրանցված հետևյալ բանահյուսական խաղիկը.

Տիքրիս խասավ կյետ Մուրադին,
Տյու էլ խասար քյու մուրադին:
Էկանք խասանք Մուրադա կյետ,
Մուրադըմ տուր, նոր տառնանք ետ:

հ.գ. էս էլ ես ու իմ ընկեր երգիչ Նարեկը Արածանիում:


մերը, Մեղրագետ, ազգային, Միացյալ Հայասատան, պատմություն

Previous post Next post
Up