2012 թ. ուշագրավ էր Արցախի ազատագրված տարածքի և, մասնավորապես, Քարվաճառի նկատմամբ հանրային հետաքրքրության և ուշադրության աշխուժացմամբ: Շատ ուրախալի է, որ այս միտումը կայուն աճ է արձանագրում և ամենատարբեր հեռանկարային նախագծերի իրականացման հնարավորություններ է ուրվագծում: Հետևելով հայոց հանրային կյանքի և հասարակաքաղաքական քննարկումների կիզակետային դաշտի վերածված դիմամատյան-ֆեյսբուքին՝ ուրախությամբ անդրադառնում ես, որ Քարվաճառի, Բերձորի կամ Շուշիի լուրերն ակնառու քանակային ու բովանդակային առավելություն ունեն Հայաստանի մի շարք այլ մարզային քաղաքների համեմատ: Ինչ-որ մի առումով դա բնական է, որովհետև, ի հեճուկս ցայսօր տարածված բազմաթիվ թերըմբռնումների կամ սահմանափակումների, վերաբնակեցման գոտու խնդիրներն ու առօրյան տարեցտարի ավելի շատ է կարևորվում՝ հուզական հայրենասիրության և ազգային անվտանգության առաջնահերթությունների առավել հստակ գիտակցման շնորհիվ: Վերաբնակեցման գոտու դպրոցների համար պարբերաբար կատարվող հանրային գրահավաքները, երևանաբնակ և սփյուռքահայ հայրենակիցների հաճախակիացած ճանաչողական և նպատակային այցերը նպաստում են ոչ միայն վերաբնակեցման գոտու շուրջ տեղեկատվական ամայության վերացմանը, այլև տեղում հանրային միջավայրի հարստացմանը: Ազատագրված տարածքն առավել քան Հայրենիքի որևէ այլ հատված ընդունակ է վերափոխել հայոց պետականակերտման վերաբերյալ մարդկանց «վերիրային» պատկերացումները, ինչն ավելի կարևոր է, թոթափելու համար ամենատարբեր հիասթափություններն ու հուսալքումները՝ մայրաքաղաքի կամ սփյուռքյան համայնքների ճահճացած մթնոլորտից: Տարածք գեթ մեկ անգամ այցելած մարդը, որպես կանոն, այլևս նախկինը չի մնում: Դա շատ բնական է և բոլորս պետք է առավելագույնս օգտվենք ազատագրված Հայրենիքի այս հիանալի պարգևից:
Կարծում եմ, որ արդեն ժամանակն է միջանկյալ արդյունքներն ամփոփել: Գրահավաքները զգալի չափով իրենց նպատակին հասել են: Քարվաճառ քաղաքի երբեմնի խղճուկ գրադարանը 2009 թվականից ի վեր մի քանի փուլ ունեցած համալրման շնորհիվ այսօր որոշակիորեն կայացած է՝ թե՛ գրականության ընտրանիով, և թե՛ կայուն հաճախորդների թվի ավելացմամբ: Քարվաճառի գրադարանի հարստացմանը մասնակցել են նաև «ՀՕՄ» Դավիթաշենի մասնաճյուղն ու Կոտայքի մարզպետարանը: Այստեղ դեռևս զգալի է հայ դասականների և հայալեզու գեղարվեստական գրականության պակասը, ինչպես նաև մերօրյա հրատարակությունների ընտրանու մատակարարումը կազմակերպելու խնդիրը: Գյուղական համայնքներում դպրոցական գրադարանների կայացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 13 հատորանոց Հայկական Հանրագիտարանով, հայոց դասականների ժողովածուներով և գեղարվեստական ու մեթոդաբանական տարատեսակ գրականությամբ են օժտվել Քարվաճառի շրջանի Վերինշեն, Բրաջուր, Գետաշեն, Եղեգնուտ և Զուար համայնքները: «Այբ» դպրոցի կազմակերպած անդրանիկ գրահավաքի շնորհիվ հնարավոր եղավ սկսել նաև Մանաշիդի ութամյա դպրոցի գրադարանի կայացումը: Հիշյալ դպրոցի փոխտնօրեն Վիգեն Շիրվանյանի և այլոց ջանքերով հանգանակված շուրջ 260 միավոր գիրքն արդեն փոխանցվել է Մանաշիդի համայնքապետին: Այժմ մնում է կարգավորել հիմնական հայ դասականների և հայկական գրադարանի հայթայթման և փոխադրման խնդիրը: Մեր ունեցած տեղեկություններով Խրխափորի (Նոր Խարխափուտ) դպրոցի տնօրենի անհատական նախաձեռնողականության շնորհիվ այս գյուղի դպրոցի գրադարանն էլ է համալրվել տարբեր նվիրատվությունների շնորհիվ:
Քաշաթաղի շրջանում գրադարանային ավանդույթն անտարակույս ավելի վաղեմի պատմություն ունի: Շրջանի հիմնադիր Ալեքսան Հակոբյանի ջանքերով Բերձորի քաղաքային գրադարանը դեռևս մեկ տասնամյակ առաջ ոչ միայն նշանակալից գրաֆոնդ ունեցող, այլև գեղարվեստական երեկույթների, հանրային ընթերցումների և հեղինակային քննարկումների վայր էր:
Հարկ է նշել, որ վերաբնակեցման գոտու դպրոցներում դեռևս նկատվում է դասագրքերի լուրջ պակաս: Քարվաճառի միջնակարգ դպրոցի համար կազմակերպված դասագրքահավաքի ժամանակ իրավիճակի ընդհանուր պատկերն ուսումնասիրելիս պարզվել է, որ Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում դասագրքերի խնդիրը շարունակում է անբավարար ու հրատապ մնալ:
Եզրափակելով 2009-2012 թթ. գրահավաքների թեման՝ նպատակային ենք համարում այս հարցում գործնական մեծ փորձառություն ձեռք բերած կամավորներին և շահագրգիռ այլ անձանց ձևավորել մշտական հիմունքներով գործող աջակցության հասարակական խորհուրդ՝ հետագա գրահավաքներն առավել արդյունավետ շարունակելու և վերջինիս աշխարհագրական ընդգրկումն ընդարձակելու համար:
Խոսելով գրահավաքների աճող արդյունավետության մասին՝ բոլորս հասկանում ենք, որ դա վերաբնակեցման գոտուն աջակցելու սոսկ համեմատաբար հեշտ ձևերից է: Սակայն, անգամ բնակարանային շինարարության փաստացի կասեցման ներկա ժամանակահատվածում, ազատագրված Հայրենիքին մատուցած ամենաթանկարժեք ծառայությունը՝ վերաբնակիչ դառնալն է: Մեծ ուրախությամբ արձանագրում ենք, որ անկախության սերնդի միջից կան համարձակ և փայլուն կրթություն ստացած երիտասարդներ, որոնք արդեն իսկ վճռել են մշտական բնակություն հաստատել ազատագրված տարածքում: Բոլորս պարտավոր են շուտափույթ կերպով և միասնական կազմակերպչական ու ֆինանսական մասնակցությամբ և ջանքերով ապահովել նրանց տնով, հաճախ նաև՝ կրթական և հանրային գործունեություն ծավալելու հնարավորությամբ: Հազիվ թե մեզանից որևէ մեկը կարող է երկմտել զուտ գաղափարական մղմամբ նոր սերնդի լավագույն ներկայացուցիչների Քարվաճառում, Կովսականում, Միջնավանում և այլուր հաստատվելու կարևորության և խորհրդանշականության վրա: Գալիս է նոր վերաբնակեցման երկրոդ՝ «նախադեպային» շրջանը, որն Արցախի ազատագրված համայնքներին պիտի բերի նոր շունչ, պետականակերտ նոր կամք և գիտության ու մշակույթի կենդանի օրրան դառնալու միանգամայն իրագործելի ակնկալիքը:
Ալեքսանդր Քանանյան
http://www.artsakhtoday.com/?p=27457