Հեռուստատեսային «թրթռոցը»՝ «HotBird»-ի և «Արցախկապի» ընտրության արանքում

Nov 05, 2012 21:07




Սույն թվականի գարնանը մի շարք հրապարակումներով անդրադարձել ենք Քարվաճառի շրջանի համացանցայնացման խնդիրներին: Այս հարցը բարձրացվել է բնակչության շրջանում վաղուց ի վեր աճող շահագրգռվածության պատճառով: Ամենատարբեր խավերի, մասնավորապես, ուսուցչական անձնակազմների ակնկալիքները և հիմնավորումներն ի մի էին բերվել դեռևս ս.թ. մարտ ամսին լույս տեսած «Աչք քարվաճառեցւոց ի քեզ յուսան, ո՜վ «Ղարաբաղ-Տելեկոմ» հոդվածում: Քանի որ խնդիրը ցայսօր ոչ մի լուծում չի ստացել, հարկ ենք համարում հարցը կրկին արծարծել՝ անդրադառնալով թե՛ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության հետ կապված բնակչության սպասելիքներին, և թե՛ ոլորտի դրությանն առհասարակ:
Մինչև 2009 թ. վերջերը Քարվաճառում համացանց գոյություն չուներ: Կապի հիմնական միջոցն էր 2004 թ. հոկտեմբերին շահագորմանը հանձնված «Ղարաբաղ-Տելեկոմի» սփռման աշտարակի տրամադրած բջջային հեռախոսակապը: Հետագա տարիներին մի շարք նոր աշտարակների տեղադրմամբ շրջանի բնակեցված բոլոր համայնքներն ու երթևեկելի ճանապարհների մեծ մասը հայտնվել են բջջային ծածկույթի ներքո:
2010 թվականից ի վեր շրջանային վարչակազմի, էլցանցի և կառույցների աշխատանքը համակարգելու անհրաժեշտությունը պատճառ է դարձել «Արմինկո-Ղարաբաղ» ընկերության համացանցասփյուռ առաջին աշտարակի տեղադրմանը: Այսօր էլ՝ երկու տարի անց արցախյան «Արմինկոն» Քարվաճառ քաղաքին համացանց մատակարարող միակ ընկերությունն է: Այլ բնակավայրերում այսօր էլ համացանցային կապ չկա: Ցավոք, «Արմինկոյի» սարքավորումների հզորությունը բավարար չէ անգամ քաղաքի բնակչության կարիքներն ամբողջապես սպասարկելու համար, իսկ հեռավոր շրջանների համացանցայնացման հարցում այս ընկերությունը պետական աջակցություն չի ստանում:
Միաժամանակ, արդեն 2011 թ. Քարվաճառ քաղաքի տարածքում առկա էր «Karvachar» անվամբ «Ղարաբաղ-Տելեկոմի» համացանցային ծածկույթը, որն, ըստ երևույթի, տեխնիկական բնույթի է և կապ չի տրամադրում: Միակ դեպքը, երբ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը փորձել է գործող համացանց տրամադրել՝ սույն թվականի փետրվարն էր, երբ ընկերության աշխատակիցների հեռախոսային աջակցությամբ փորձել եմ համացանցին միացնել Քարվաճառի միջնակարգ դպրոցի համակարգիչները: Սակայն կապի որակը չի կարգավորվել և այն համարյա չի գործում:
Նշենք, որ համացանցն ահռելի հոգեբանական պատվար է՝ մեր բնակչության հաղորդակցային աճող կարիքներն ու ձգտումները բավարարելու համար: Տասնյակ անձինք օր առաջ սպասում են համացանցային կապի բաժանորդ դառնալու հնարավորությանը, իսկ կապի բաշխման գոծընթացը սկսելուն պես հաճախորդների թիվը կարձանագրի աճի թռիչքային միտում՝ հատկապես՝ գյուղական բնակավայրերում: Քարվաճառի շրջանի վերաբնակիչները վաղուց հաղթահարել են «հաստատման» փուլի դժվարությունները և հիմնական մասով միանգամայն վճարողունակ են համակարգիչ ձեռք բերելու և համացանցային սակագները վճարելու տեսանկյունից: Ավելին, շատ ընտանիքներ արդեն իսկ համակարգիչ են գնել՝ անհամբեր սպասելով համացանց մատակարարող ընկերությունների փոխադարձ քայլերին:
Ուստի, նորից ու նորից դիմում ենք «Ղարաբաղ-Տելեկոմի» ղեկավարությանը և խնդրում, որ երկամյա կրավորական և անտեսող կեցվածքից հետո մեր շրջանի բնակչության ձայնը նրանց վերջապես լսելի դառնա և ընկերությունը սկսի քարվաճառցիներին համացանց հատկացնելու գործնական ընթացքը: Այս խնդիրը բարոյապես պարտավորեցնող է հատկապես այն պատճառով, որ համացանց տրամադրելու համարյա բոլոր տեխնիկական հնարավորությունները վաղուց առկա են: Տվյալ դեպքում, խնդիրը ոչ թե նոր մեծաքանաք ներդրումների կամ ծավալաշատ աշխատանքների կատարման, այլ ընդամենը քարվաճառցիների հանդեպ սոսկ բարի կամք և պատասխանատվություն ցուցաբերելու մեջ է:

Ալեքսանդր Քանանյան

http://www.artsakhtoday.com/?p=27754

Карвачар, Арцах, Сеть

Previous post Next post
Up