Արախյան պաշտոնյաներն, ի թիվս պետականաշինական այլ ձեռքբերումների, մշտապես նշում են պետական հաստատությունների (ինստիտուտների) կայացվածության հանգամանքը: Եվ, իրոք, աշխարհի տասնյակ երկրներ կարող են նախանձել մեր պետական համակարգի արտաքին կայացվածությանը, գործավարության ընթացակարգային բծախնդրությանը և կառավարման ակտերն «օրենքի տառին համապատասխան» ձևակերպելու անայլընտրանքությանը:
Այնուամենայնիվ, ամեն քայլափոխին մենք հանդիպում ենք կառուցվածքապես համարյա անթերի պետական մեքենայի սակավարդյունավետությանը ոչ միայն ռազմավարական նշանակության համապետական, այլև խիստ մասնավոր և իրադրային հարցերում: Մի կողմ դնելով համընդհանուր ռազմավարության հարցեր, որոնց լուծումն առնչվում է պետականակերտման հայեցակարգի համապարփակ վերանայմանը, հպանցիկ անդրադարձ ենք կատարելու սոսկ ընթացիկ բնույթի ամենօրյա կառավարման խնդիրներին: Գաղտնիք չէ, որ իշխանությունների նկատմամբ բնակչության դժգոհությունը զգալի չփով ձևավորվում է հենց առօրյա հարցերն արդյունավետորեն կարգավորելու միջին և ցածր պաշտոնեական օղակների չկամությունից կամ անկարողությունից: Հաճախ՝ չկամությունն ու չկարողությունը միմյանց սերտորեն շաղկապված են՝ սերելով պաշտոնատար անձի վարքագիծը պայմանավորող հոգեբանական բնական և ձեռքբերովի բարդույթներից:
Պետական կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար ցանկալի է առավել «հանդուրժող» լինել միջին և ստորին օղակների պաշտոնյաների նախաձեռնողականության նկատմամբ: Խոսքն, այսպես ասած, ողջամիտ նախաձեռնողականության մասին է, որը ենթադրում է օրենքով սահմանված ծավալով հիշյալ պաշտոնյաներին վերապահված իրավասությունների անարգել կատարումը: Եթե երրորդական-չորրորդկան կարգի հիմնարկի հավաքարն էլ պետք է նշանակվի նախարարի կամ վարչակազմի ղեկավարի ցուցմամբ, ապա էլ ի՞նչ կարիք կա պահել ամեն շրջանում տասնյակների հասնող բաժիններ, վարչություններ կամ տեղական ինքնակառավարման մարմիններ: Ավելին, թույլատրելով միջին պաշտոնեությանը գործել իրենց օրինական իրավասությունների սահմաններում, վերադաս օղակը պատասխանատվության զգալի մասնաբաժինը փոխադրում է ներքև՝ ստիպելով մարդկանց ավելի լավ և պատասխանատու աշխատել:
Կատարելապես անընդունելի է, երբ տարրական հարց լուծելու համար մարդիկ հարկադրված են լինում հասնել ԼՂՀ նախագահի կամ վարչապետի ընդունարան: Սակայն, խնդիրների լուծումը երբեմն ուշանում է նաև այս մակարդակում և ո՛չ բարձրագւյն իշխանավորների մեղքով: Երբեմն ինչ-որ շրջանի ինչ-որ կենտրոն-բաժանմունքի տնօրեն կամ համայնքապետ կամ անգամ ավտոբուսի վարորդ կարող են ամիսներով կամ «ընդմիշտ» չեղյալ հայտարարել, ասենք, Արցախի վարչապետի արձակած կարգադրությունը: Իհարկե, կառավարման անարդյունավետության մեջ որոշ չափով մեղավոր է նաև հանրությունը, որը չի գիտակցում կամ չի կամենում իրացնել իր իրավունքը և շարունակում է սեփական խնդիրները լուծել ոչ թե օրենքի, այլ իրավազուրկի տրամաբանությամբ՝ «հարց լուծողին» սիրաշահելով ամենքիս հայտնի անպատվաբեր, անվայել և հաճախ օրենքի իսկ տեսանկյունից հանցավոր ձևերով:
Արդյունավետ կառավարումն արգասիք է ոչ միայն պաշտոնեական դասի և իշխանական վերնախավի, այլև բնակչության գիտակից և օրինապաշտ կամքի գործադրման: Քանի դեռ հանրությունը թե՛ տեղական, և թե՛ համապետական մակարդակի վրա չկամենա իրացնել օրենքն ու քաղաքացիական պարտականությունը, մենք ականատես ենք լինելու արտաքնապես անթերի, բայց ներքուստ ողբերգորեն սակավարդյունավետ կառավարման համակարգի գոյությանը:
Ալեքսանդր Քանանյան
http://www.artsakhtoday.com/?p=26742