Չդավել ազգի ընդհանրական ապագան

Nov 05, 2012 21:26




Համաշխարհային և ազգային պատմության շրջադարձային փուլերում շեշտակիորեն աճում է գաղափարական, արժեհամակարգային և, անգամ, վարքագծային համընդհանուր ապակողմնորոշվածությունը: Նախկին կաղապարները փշրված են, իսկ նոր իրականության հիմնարար աժեքները, նպատակները և դրանց կենսագործման ուղիների ընտրությունը դեռևս ձևակերպված և հանրության առաջատար «քարշակ» զանգվածի կողմից համաձայնեցված և ընդունված չեն: Համընդհանուր ապակոմնորոշվածության պղտոր ջրերում ազատ լողալու և տիրապետող հոսանք դառնալու հայտ են ներկայացնում անցումային ալեկոծմամբ հասարակության հատակից վեր բարձրացած լուսանցքային տարրերը՝ «քրեագողական» աղբը, տգիտությունն ու ստորաքարշությունը հրապարակային ինքնապարծանքի առարկա դարձրած պատեհպաշտները, հոգեխանգարման եզրին հասած ու ծանրագույն բարդույթների ներազդմամբ խորտակված հավակնոտ անհատները, դասական տականքներն ու կլինիկական անմեղսունակները… Լուսանցքային ու հակասոցիալական այս տարրերը յուրաքանչյուր հասարակությունում կազմում են որոշակի հաստատուն տոկոս, իսկ նրանց հանդեպ վերաբերմունքը կարգավորվում է գործող օրենսդրության կամ «չգրված» ինչ-ինչ կանոնների համաձայն՝ կախված պետական կառավարման իրավական կամ ոչ ժողովրդավար բնույթից: Կայացած պետությունների և հասարակությունների մեջ հիշյալ տարրերի հավակնությունները նշանակալից արդյունավետությամբ զսպվում են համընդհանուր համաձայնությամբ սահմանված և օրենսդրորեն ամրագրված մոտեցումներով: Սակայն, ինչպես արդեն նշել ենք, անկումային, դեգրադացիոն կամ անցումային փուլեր թևակոխած հասարակությունների պարագայում նման տարրերը բնականոնաբար աշխուժանում են՝ վիրուսային վարակի նմանությամբ սպառնալով անդամալուծել և կործանել ողջ հասարակությունը, եթե վերջինս չունենա դիմադրողականության բավարար ներուժ:

Հայերիս պարագայում պետականամետ դիմադրողականությունը բախվում է ոչ միայն ներքին, այլև արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտությանը՝ մի իրավիճակում, երբ արտաքին ուժի կենտրոնները բնական դաշինք են կնքել ներքին «լուսանցքի» հետ՝ անցումային տղմահարույց ճահիճն ամեն գնով հավերժացնելու և ազգային ներուժի երևակման ու հաղթարշավի հնարավորությունները՝ իմա՛՝ կենսունակ ազգային պետականության կայացումն արգելակելու նպատակով: Այս անհավասար պայքարում ինքնիշխանամետ ազգային զանգվածի ռազմավարությունը չի կարող հիմնվել գաղափարամետ բազմատրոհ կղզիացման և հակամարտային բևեռացման վրա: Առանց թերագնահատելու գաղափարական և կազմակերպչական կուռ և նեղ թիմերի կարևորությունը, ներկա համընդհանուր ապակողմնորոշվածության և բոլոր գաղափարախոսությունների ու արժեհամակարգային հանգանակների իմաստախեղման շրջանում, քաղաքական համագործակցության հիմքում կարող են դրվել միայն խիստ սակավ հիմնարար սկզբունքներ: Այդ սկզբունքներն իրենց բնույթով պետք է լինեն վերգաղափարական ու անառարկելիորեն պարտադիր:

Հայոց քաղաքական մտքի սնանկությունը և մեզանում արհեստականորեն հրահրվող տրամախոսությունների խառնիճաղանճ շփոթն էապես պայմանավորված են հայ «գաղափարաստեղծ» մտավորական շրջանակների մտահորիզոնի համատրոհ կաղապարմամբ: Պատմության փիլիսոփայության մեջ խորաթափանցելու և պատմական ընթացքը՝ որպես օրինաչափ անվերջանալի շղթա ու փոխկապակցված ամբողջականություն ընկալելու փոխարեն, մենք՝ մեկ-երկու-երեքդարյա «ուշացմամբ» ու բոցավառ անհանդուրժողականությամբ քննարկում ենք ազատականությունը, ազգայնականությունը, սոցիալիզմն ու ֆաշիզմը, կարծես թե, ապրում ենք Ռոբեսպյերի, Լենինի կամ Հիտլերի օրոք: Իհարկե, շատ հեշտ է կառուցել ներփակ մի աշխարհ և բաժանել մարդկանց յուրայինների և մերժելիների՝ ըստ «ազգայնական-ազատական», «ֆաշիստ-լիբերաստ», «քրիստոնյա-հեթանոս» և այլ նման փակուղային կաղապարների: Հենց այստեղ է լավագույնս արտացոլվում «արդի» աշխարհի զարգացման փիլիսոփայության սնանկությունը՝ հավերժը տրոհելու, արխայիկն ու անդրանցականը մոլեգնաբար մերժելու և սպառողական «պատմության ավարտն» ի սնոտիս «հավերժացնելու» ձգտումը:

Համընդհանուր ապակողմնորոշվածությունը ծնում է նաև հեղինակության խնդիր: Այսօր այլևս համարյա անհնարին է ունենալ ընդհանրական ընդունելություն վայելող անձնավորված հեղինակություն: Համապարփակ գզվռտոցի մեջ ոչ ոք չի ճանաչում հեղինակության անհատականացված մարմնավորումը: Գործում է հոգեբանական ինքնապաշտպանության հայտնի եղանակը, երբ իր իսկ «անլիարժեքությունը» գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ընկալող մարդը փորձում է ինքնիրեն համոզել և ի լուր աշխարհի բացականչել, թե «բոլորն էլ նույնպիսիք են», իսկ ինքը՝ «սոսկ ավելի անկեղծ»: Ուստի, հեղինակազրկման տենդով տառապող հանրության համար հեղինակության անկյունաքար կարող է լինել միայն վերանձնական գնահատման հիմնասյունը, այսինքն՝ վերստին՝ առարկայաբար սահմանված հիմնարար սկզբունքները:

Բոլոր մակարդակներում ապագաղափարականացված և ապակողմնորոշված հանրության համար իմաստախեղ պառակտումների դարմանը կարող է լինել միայն ոգու, գիտակցության, բարի կամքի և բնական շիտակության վերարժևորումն ու գործնական վերահաստատումը՝ ամեն ինչից առաջ և «ի վերոյ քան զամենայն»: Այսօր կեղծ, արհեստական կամ ժամանակավրեպ տրամախոսությունների մեջ խելակորույս չարամտությամբ գահավիժելու փոխարեն, պետք է հստակ սահմանել մեր ազգային ընդհանրական անելիքը և գիտակցել, որ ժամկետանց և ապակենսունակաբար պատճենված կաղապարներից կառչելով, մենք դավում ենք մեր ընդհանրական ապագան…

Ալեքսանդր Քանանյան

http://www.artsakhtoday.com/?p=27813

Общество, Власть, Политика, Армянский мир

Previous post Next post
Up