Սերունդների պարտականությունների ու երկրի ապագայի մասին

Jul 29, 2011 14:48


Թուրքական բեմադրություն. Թուրք հանրությունը վրդովված է Սերժ Սարգսյանի հայտարարությամբ։ Կարճ պատասխան. «վ**ն թե վրդովված չէ»։

Կարծում եմ, որ թուրքերի համար դա մի կողմից ներքին օգտագործման հիստերիա է (ընտրություններ, ֆլան-ֆստան), մյուս կողմից՝ փորձ տխրահռչակ հայ-թուրքական սիրաբանությունից եւս մեկ անգամ ինչ-որ դիվիդենտներ քամելու («տեսնո՞ւմ եք. մեք գրկաբաց գնացինք ընդառաջ, իսկ այ էս նենգ հայերն իրենց տարածքային պահանջները չեն մոռանում...»)։ Մի խոսքով. իրենց էլ, իրենց բեմադրությունն էլ...

Ինձ ավելի շատ հետաքրքրեց ՀՀ նախագահի հայտարարությունը։ Հետաքրքրեց ու վիճելու ցանկություն առաջացրեց։

Հիշեցնեմ, որ հայագիտության համահայկական օլիմպիադի ժամանակ մասնակիցներից մեկը հարց է տվել Սերժ Սարգսյանին. «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ»։ Մեջբերեմ նախագահի պատասխանը.
Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք

Իսկ հիմա անհամաձայնությունս...

«Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից»։ Համաձայն չեմ. Արցախում հաղթած սերունդը նույնքան պատասխանատու է այսօրվա և ապագայի համար, որքան և պատերազմից հետո կյանք մտած սերունդը։ Ցավոք, realpolitik-ում չկան արձակուրդներ ու վաստակավոր թոշակառուներ. երեկվա հաղթանակները պետք է պաշտպանել նոր հաղթանակներով, որոնց համար պատասխանատու են բոլոր սերունդները, անկախ նախկին ձեռքբերումներից։

«Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին...» Մեր նախնիները, ցավոք, մեզ այնպիսի պարտքերի մեջ են թողել, որ Արցախյան պատերազմի հաղթանակով այդ պարտքերը չեն մարվում։ Արցախում հաղթանակած սերնդի պարտականություններն էլ կան և մնում են. օրինակ՝ չի կարելի վաղվա սերնդին թողնել միլիարդավոր դոլարների արտաքին պարտքով երկիր, չի կարելի թողնել Հայաստանը փաստացի գաղութի կարգավիճակով։ Աչքներիս առաջ ունենք Առաջին Հանրապետության սերնդի օրինակը, որ ընդամենը երկու տարում Սարդարապատում հաղթանակած սերնդից դարձավ Արցախն ու Կարսը հանձնած սերունդ, և եթե չլիներ Գարեգին Նժդեհը, գուցե և դառնար Հայաստանը վերջնականորեն կորցրած սերունդ։

«Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ...» Նախ՝ հողը... Անկախ ամեն ինչից հողը մնում է հող. առավել ևս Հայաստանի պես փոքր ու ռազմական լեզվով ասած «ռազմավարական խորություն» չունեցող երկրի համար։ Երկրորդը՝ «ժամանակակից», «բարեկեցիկ», «անվտանգ» բառերը դրական էներգիա պարունակող, սակայն անորոշ բառեր են։ Օրինակ՝ Նորվեգիան դժվար թե անվանենք ոչ ժամանակակից, ոչ բարեկեցիկ կամ վտանգավոր, սակայն այդ չքնաղ երկրում մի խելագար մեկ ժամից ավել երիտասարդների էիր կոտորում և հարյուրից ավելի մարդկանց մեջ չգտնվեց գեթ մեկը, որ դիմադրի նրան։ Արդյո՞ք այսպիսի ժամանակակից հասարակություն ենք ուզում Հայաստանում։ Հուսով եմ, որ ոչ։ Մեկ այլ ժամանակակից երկրում՝ Միացյալ Նահանգներում, այսօր լավագույն մասնագետները հոգեբանական հետազոտություններ են իրագործում՝ փորձելով հասկանալ, թե ինչն է ստիպում մարդկանց անձնազոհության գնալ։ Որովհետև համեմատաբար անվտանգ, բարեկեցիկ ու ժամանակակից երկրի քաղաքացիների մեծամասնությունն այսօր այնքան է սևեռված իր անձնական անվտանգության, բարեկեցության ու կյանքի հաճույքներից հետ չմնալու վրա, որ երկրում «անձնուրացության դեֆիցիտ» է ստեղծվել։ Հայաստանի՝ մեղմ ասած ագրեսիվ հարևանների առկայության հանգամանքը պիտի մեզ ստիպի շատ զգույշ լինել դրսից ներմուծվող ու «կերած-խմած» երկրներում ծնված արժեքային համակարգերի ներդնման հարցում։

«Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»... Ցավոք, մարդկության պատմությունը լի է անհայտացած ժողովուրդներով։ Տաս կամ նույնիսկ հարյուր անգամ փյունիկի պես վերածնվելը ավաղ չի երաշխավորում հարյուր մեկերորդ հարությունը։

Ընկերանալ Ֆշտուկ


հայք, հայ-թուրքական հակամարտություն

Previous post Next post
Up